Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը գերադասում է չմեկնաբանել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի՝ գաղտնազերծված զեկույցի արտահայտությունները: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Արթուր Բաղդասարյանը՝ դեկտեմբերի 22-ին պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
«Ուղղակի ռեպլիկի կարգով կասեմ, որ քաղաքական կառույցները գնահատական են տալիս ոչ թե գաղտնազերծված զեկույցների, այլ հստակ փաստաթղթերի հիման վրա: Երբ կլինի պաշտոնական փաստաթուղթ, անպայման եզրահանգումներ մենք կարող ենք անել»,- նշեց Բաղդասարյանը եւ հավելեց. «Մամուլում հաճախ տեղեկություներ են սպրդում, որոնք իրականությունից շատ հեռու են, կամ շատ հաճախ մի մասը տպված չէ»:
Հիշեցնենք, որ համազեկուցողները չէին մասնակցել դեկտեմբերի 17-ին Փարիզում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, սակայն այնուհետ նրանց պատրաստած զեկույցը հրապարակվել էր, եւ համազեկուցողները նշել էին, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը միակողմանի է եւ «այն կասկածի տակ է դնում հետաքննության վստահելիությունը»:




























