«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությանը դեկտեմբերի 22-ին մեղադրող Կորյուն Փիլոյանը քիչ առաջ 8 տարվա ազատազրկում է պահանջել ընդդիմադիր գործչի համար: Ըստ մեղադրողի՝ Փաշինյանը մեղավոր է, եւ նրան պետք է 6 տարվա ազատազրկման դատապարտել 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 2,5 տարի՝ 316 հոդվածի 1-ին մասով (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Փիլոյանը գումարել էր այդ թվերը եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջել 8 տարվա ազատազրկման դատապարտել Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Լուսինե Սահակյանն ուղղակի շոկի մեջ էր մեղադրողի այդ պահանջից:

Ի դեպ, այսօր պաշտպանները դատարանին էին ներկայացրել մի քանի տեսաերիզներ, որոնցից մեկը 2008թ. մարտի 1-ին «Հայլուր» լրատվական ծրագրի երեկոյան թողարկման տեսագրությունն էր, որտեղ հաղորդավար Արտակ Հերիքյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը հավաքված բազմությանը հանդարտության կոչեր են արել:

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին, երբ պաշտպանները կներկայացնեն իրենց եզրափակիչ ճառը: