Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը միացել է Կոստանդնուպոլսի 232-րդ արքեպիսկոպոսի՝ ուղղափառ եկեղեցու ղեկավար Բարդուղիմեոս 1-ինի հասցեին հնչող կոշտ քննադատությանը: Այդ մասին հաղորդում է Today’s Zaman-ը:

Համաձայն պարբերականի՝ պատրիարքը ամերիկյան CBS հեռուստառադիոցանցին տված հարցազրույցում հայտարարել էր, թե թուրքական իշխանության վերաբերմունքն իր նկատմամբ կարելի է համեմատել խաչելության հետ, իսկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները Թուրքիայում չեն օգտվում լիակատար ազատությունից եւ երկրորդ կարգի մարդիկ են համարվում: Հարցին, թե կտեղափոխվի՞ արդյոք Հունաստան, Պատրիարքը պատասխանել է, թե մնալու է Ստամբուլում: «Սա մեր երկրորդ Երուսաղեմն է, սուրբ հող մեր համար: Մենք նախընտրում ենք մնալ այստեղ, նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ ենթարկվում ենք խաչելության»,- ասել է Բարդուղիմեոսը:

Անկարայի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց, եւ երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր. «Մենք „խաչելություն“ հասկացությունը համարում ենք այլաբանություն, ընդ որում՝ չափազանց անհաջող: Դա մեր երկրի պատմության ընթացքում երբեք չի եղել: Ես ուղղակի չեմ կարող հասկանաել, որ նման հասուն անձը կարող է այդպիսի արտահայտություն անել»:

Թուրքիայի նախագահն իր հերթին նշել է, որ «արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շատ հաջող է արտահայտվել: Ավելացնելու ոչինչ չկա»:

Պատրիարքին օգնության է հասել Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գրեգորիս Դելավեկուրասը. «ԵՄ-ին անդամագրվելու Թուրքիայի պարտավորությունների շարքում նաեւ կրոնական ազատության եւ երկրի փոքրամասնություններին հարգելն է»: