Քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը տեւել է 3,5 ժամ: Նախագահները խոսել են առանձին, ապա նրանց են միացել երկու երկրների ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը ներկայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ Մեթյու Բրայզայի ուղեկցությամբ, իսկ Իլհամ Ալիեւը` Բեռնար Ֆասիեի եւ Էլմար Մամեդյարովի ուղեկցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մադրիդյան սկզբունքները, որոնք օրերս հրապարակվել են ԱՄՆ-ի ու ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքերում:
Թեեւ սովորաբար, նման հանդիպումներից հետո կամ ԱԳ նախարարները, կամ համանախագահները մոտենում են լրագրողներին եւ որոշ մեկնաբանություններ տալիս, սակայն այս անգամ նման բան տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ հանդիպման նախօրեին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել էր, որ այդ հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու:
Նշենք, որ լրագրողների դիտարկմամբ, հանդիպումից հետո Ալիեւի տեսքը մտահոգ է եղել:
Հուլիսի 18-ին նախատեսված է եռակող հանդիպում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:




























