«Մարտի 1-ի էջը կփակվի միայն այն ժամանակ եւ հայտնաբերվեն եւ պատժվեն սպանությունների հեղինակները»,- դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի գաղտնազերծված զեկույցը:

Հիշեցնենք, որ համազեկուցողներն անդրադարձել էին 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին եւ նկատել որ այն միակողմանի է՝ կասկածի տակ դնելով զեկույցի արժանահավատությունը:

«Համազեկուցողների զեկույցն արձանագրում է, որ Նիկոյանի հանձնաժողովը ցուցաբերել է միակողմանի եւ կողմնակալ վերաբերմունք, ջանացել ամեն գնով եւ հակառակ ունեցած փաստերի եւ ապացույցների, պաշտպանել մարտի 1-ի իրադարձությունների պաշտոնական վարկածը, խուսափել է իշխանությունների քննադատությունից, ինչի հետեւանքով խարխլվել է նրա ուսումնասիրության արժանահավատությունը»,- նշեց Լեւոն Զուրաբյանն ու հավելեց. «Նիկոյանի հանձնաժողովը դիտավորյալ աղավաղել է ճշմարտությունը եւ արժանի է ժամանակին ՀԱԿ կողմից նրան տրված „պարտակման հանձնաժողով“ որակմանը»:

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ 2010թ. ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին են ներկայացվելու մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդների բողոքները՝ նախաքննական մարմնի կողմից գործերի պարտակման մասին, նաեւ փաստահավաք խմբի նախկին անդամների պատրաստած զեկույցը, որ համալրվել է նոր բացահայտումներով: