Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ին մոտ կանգնած անանուն աղբյուրի այն հայտարարությունը, որ կազմակերպությունը պատրաստ է մասնակցել խաղաղարար առաքելությանը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ որքանո՞վ եք դա իրական համարում: NEWS.am-ի այս հարցին ի պատասխան,
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը նշեց. «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Բաքու մեկնաբանությունների տեղիք տվեց, որ միգուցե պայմանավորվածություն կա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ՝ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: Հնարավոր է, որ ՀԱՊԿ ուժերի մասնակցության շուրջ խոսակցություն եղել է հենց այդ ժամանակ, որովհետեւ դրանից դուրս ես չեմ պատկերացնում ընդհանրապես, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ ՀԱՊԿ զորքերը հակամարտության գոտում»:
Նրա խոսքով, եթե դա իսկապես իրականությանը մոտ լինի, դա բոլորովին ձեռնտու չէ հայկական կողմին: «Ռուս-ադրբեջանական ցանկացած պայմանավորվածության միջոցով ղարաբաղյան խնդրի կարգավորման որեւէ նախագիծ մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար: Իսկ ընդհանրապես, դրա իրականություն դառնալը շատ բարդ է, քանի որ չեմ կարծում, թե Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները համաձայն լինեն նման լուծմանը»,- նշեց Մ. Սարգսյանն ու հավելեց. «Այն հանգամանքը, որ մինչեւ Մոսկվայում նախագահների հանդիպումը ռուսական կողմը հանկարծակի հայտարարեց, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, հնարավոր է կապված լինի նրա հետ, որ գուցե այդ հանդիպման վերաբերյալ արդեն եղել է Արեւմուտքի բացասական արձագանքը: Այսինքն, հնարավոր է, որ Արեւմուտքում էլ են զգացել, թե ռուս-ադրբեջանական ինչ-որ առանձնակի պայմանավորվածություններ գոյություն ունեն: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է ամերիկյան կողմը, առաջ ընկնելով, բացահայտեր մադրիդյան սկզբունքները, աղմուկ բարձրացներ՝ մինչեւ դրանց ստորագրելը: Պարզ է, չէ՞, որ դա խանգարող հանգամանք էր: Գուցե դա ԱՄՆ կողմից նշան էր, որ ինքն այնքան էլ ընդունելի չի համարում Մոսկվայում փաստաթուղթ ստորագրելը: Այդ ամենը ինչ-որ տրամաբանություն ունի։ Հնարավոր է որ, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ շոշափվել է ՀԱՊԿ զորքերի տեղակայման հարցը եւ բացասական վերաբերմունքի է արժանացել մնացած շահագրգիռ երկրների կողմերից», նշել է փորձագետը:




























