Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, վերադառնալով Բրյուսելից, հանդես է եկել 6 ուղերձով, որոնցից մեկը վերաբերվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Hurriyet-ի թղթակից Զեյնափ Գյուրջանլը ներկայացնում է Դավութօղլուի ուղերձները։

«Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների կյանքի կոչելը՝ մի գործընթաց է։ Այս տեսակ գործընթացներում բոլորը պետք է դրական սցենարներով հանդես գան։ Բացասական սցենարը ոչ ոքի օգուտ չի տա։ Ոչ ոքի շահերից չի բխում վերադառնալ մինչ արձանագրությունների ստորագրման իրավիճակին։ Այստեղ ո՞րն է դրական սցենարը։ Դրական սցենարն է, որ արձանագրությունները կյանքի կոչվեն եւ Կովկասում կարգավորման գործընթացը տեղի ունենա։

Հարաբերությունների երկկողմ կարգավորումը կապված է Կովկասում իրավիճակի կարգավորման հետ։ Մեջտեղում կա 17 տարի ձգձգված խնդիր։ Դա ներդաշնակ քաղաքականություն չէ։ Առանց դրա կարգավորման՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը առողջ չի։ Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Կովկասը վերածվի խաղաղության եւ կայունության շրջանի։ Թուրքիա-Հայաստան սահմանը 20 տարի փակ է, սակայն մենք կրկին աշխատում ենքայդ խնդիրը լուծել։ Նույն բարի կամքը, որ մյուս խնդրում ներկայացվի՝ դա էլ մի ինչ որ աստիճանի կարող է գալ։ Մենք այս խնդիրը չենք դիտում, որպես բացասական հեռանկար։ Դրական հարաբերություն ենք կառուցում։ Մինսկի խումբը լուրջ առաջընթացներ է գրանցել։ Բոլորս այս գործընթացը հայտնի մի կետի հասցրեցինք։ Աթենքի հանդիպումներն էլ դրական անցան։

Այս հարաբերություններում ժամանակի գործոնը չեմ դնում։ Ես տեսլականի գործոնն եմ դնում։ Թուրքիան եւ Հայաստանը պետք է հաշվի առնեն միմյանց քաղաքական դիրքորոշումները։ Ես գործընթացը բասական չեմ համարում։ Սա խաղաղության տեսլական է։ Բոլորը պետք է հաշվի առնեն սա։ Ժամկետների առումով ճնշում չպետք է լինի։

Մեր երկրների եւ տարածաշրջանի ապագան չենք կարող թողնել լոբբիներին։ Դրանք մեր երկրների ղեկավարները կլուծեն։ Պարոն Սարգսյանը, պարոն Գյուլը, պարոն Էրդողանը նույն այս տեսլականով են առաջնորդվում։ Այդ քայլն էլ արել են»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։