Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մոսկովյան բանակցությունները պաշտոնական Երեւանը համարում է կառուցողական։ «Հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման առնչությամբ կողմերի ցուցադած մոտեցումները կառուցողական էին»,- հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը։

Հայտարարությունում նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ անցկացնել նախապատրաստական աշխատանքներ 2009 թվականի աշնանը նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման համար։