«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգմամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Կա խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս՝ այդ երկրների ուղիղ բանակցություններն ու միջազգային իրավունքի հաշվի առնելը, այդ թվում մարդկանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակության վայրեր ու պետական ինքնիշխանության հարգումը»,- ասել է Սահակաշվիլին «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում:
Սահակաշվիլիի խոսքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարդ է, եւ այդ խնդրի գլխավոր բանալին Ռուսաստանն է: «Բարելավում լինելու համար, կարծում եմ, երկրները պետք է խոսեն, ժողովուրդները պետք է շփվեն, այդ պատճառով էլ այն բանակցությունները, որ ընթանում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով, բանակցությունները միշտ լավ են, ցանկացած առաջընթաց դրական է: «Ես չեմ ուզում իրավիճակը ստատուս-քվո անվանել: Ինչպես մեր իրավիճակը ցույց տվեց՝ ստատուս-քվո չի լինում: Միշտ ինչ-որ իրավիճակ է, երբ պետք է զգոն լինես, որ հետո վատթարացում եւ ափսոսանք չլինի»,- նշել է Սահակաշվիլին:




























