ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը դեկտեմբերի կեսին առաջին անգամ տարվա ընթացքում արտադրեց եւ իրացրեց առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՌՈՒՍԱԼ միավորված ընկերությունից։
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործարանում էապես աճել է աշխատանքի արտադրողականությունը։ Կայունացել է պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը եւ հասել է 70%-ի։ Արտաքին խոտանը ԱՐՄԵՆԱԼ-ում հասցվել է նվազագույնի։ Մինչեւ 3%-ով նվազել է ներքին խոտանը։
«Նման բարձր արդյունքի կարողացել ենք հասնել արդիականացված սարքավորումների լիակատար յուրացման, ինչպես նաեւ անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման շնորհիվ», — ասաց փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Ալեքսանդր Բուրդինը։
2009 թ. հունվարից գործարանը կատարել է շուրջ 1500 արտահանման պատվեր, հուսալիորեն յուրացրել է ձեւավորման համար նախատեսված գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը։ Դանակների կառուցվածքի կատարելագործումից հետո, ինչը հանգեցրեց գլանափաթեթների կտրատման որակի բարձրացմանը, կարգավորված է համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցեղ 40-50 միլիմետրանոց նեղ փայլաթիթեղի թողարկումը։
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երեւանում, 2000թ. մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա։ Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը։ Մտել է ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ 2000թ. եւ ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը։



























