Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակի փոխանցման հանդիսավոր արարողությունը։

«Միջոցառումները մեկնարկել էին դեռևս ապրիլին՝ Ագարակ քաղաքից։ Ընդհանուր առմամբ, ծրագիրն ընդգրկեց ողջ տարածաշրջանը և ոչ միայն Մեղրին։ Այս ընթացքում կազմակերպել ենք շուրջ 30 միջոցառում։

Դրանք տարբեր մասշտաբի միջոցառումներ էին՝ թե՛ խոշոր, թե՛ փոքր։ Առավել նշանակալիցներից կարող եմ նշել Երևանյան գրքի փառատոնի օրերից մեկը, որն անցկացվեց Մեղրիում։ Ի դեպ, այդ իրադարձությունը շատ սպասված էր քաղաքի հյուրերի համար։ Անցկացվել են նաև պարային փառատոներ և կինոյի ոլորտի մի շարք միջոցառումներ», - լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորեց ծրագրի իրականացումը մարզերի համաչափ զարգացման, այդ թվում՝ մշակույթի ոլորտում այդ խնդրի լուծման տեսանկյունից։

Ծրագիրն ավարտվեց Հայաստանի, Բելառուսի, ՌԴ-ի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խմբերի երգուպարային ելույթներով։

«Մեղրի և Ագարակ են ժամանել ստեղծագործական տարբեր խմբեր, իսկ մեր բազմաթիվ հայրենակիցներ կարողացել են իրենց համար բացահայտել այս քաղաքները։ Կարծում եմ՝ պետք է շարունակենք նման միջոցառումներ անցկացնելու հնարավորություններ փնտրել, որպեսզի բոլոր մարզերի բնակիչները կարողանան տեսնել լավագույն խմբերի ելույթները և ծանոթանալ հետաքրքիր փառատոների՝ առանց իրենց քաղաքներից ու բնակավայրերից դուրս գալու։ Սա հեռավոր շրջանների բնակիչներին երկրի մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու հնարավորություններից մեկն է։

Կարծում եմ՝ պետք է այս փորձից եզրակացություններ անենք և շարունակենք առիթներ ու հնարավորություններ փնտրել՝ նման բնակավայրեր ավելի հաճախ այցելելու համար։ Այստեղ հրաշալի բնություն է։ Ես զրուցել եմ տարբեր երկրներից ու քաղաքներից ժամանած մեր գործընկերների հետ։ Նրանք հիացած են բնությամբ, տեղի բնակիչներով, նրանց հյուրընկալությամբ և, իհարկե, այս քաղաքներում ներկայացված մշակութային ծրագրով։ Նրանց հատկապես տպավորել են այն մարդիկ, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընդունում ամենատարբեր ժանրերի միջոցառումները։

Կարծում եմ՝ այս տարածաշրջանն իսկապես արժանի էր մշակութային մայրաքաղաքի պատվավոր կոչմանը։ Պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ՝ նման միջոցառումներ անցկացնելու նոր առիթներ ու հնարավորություններ գտնելու համար, որպեսզի հեռավոր շրջանների բնակիչները հնարավորինս հաճախ հաղորդակից լինեն երկրի մշակութային կյանքին», - վստահեցրեց Տիգրան Վիրաբյանը։

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը նշեց, որ սա մարզում հաջողությամբ իրականացված առաջին նման ծրագիրը չէ. Կապանն արժանապատվորեն է կրել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի կոչումը։ «Մեղրիում ծրագիրը լի էր բացահայտումներով։ Չափազանց կարևոր է, որ դրան ակտիվորեն մասնակցել են ոչ միայն պետական և համայնքային կառույցները, այլև հենց քաղաքի բնակիչները։ Մեղրի այցելած բոլոր հյուրերը խոստացել են կրկին գալ, իսկ մենք էլ մեր հերթին խոստանում ենք հյուրերին ընդունել ամենայն ջերմությամբ», - հայտարարեց Հարությունյանը։

Համերգի ավարտին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Մոլոդեչնո քաղաքի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ալեսյա Լուկովսկայային հանձնվեց խորհրդանիշը՝ Մարինե Մանուկյանի «Մշակութային շրջապտույտ» աշխատանքը։

Հիշեցնենք, որ Մեղրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակին արժանացած հայկական երրորդ քաղաքը։ Նախկինում տարբեր տարիների այդ կոչումը կրել են Գորիսն ու Գյումրին։