«Արմենթել» ընկերությունը ինտերնետի արագության նվազման համար մեղադրում է հայաստանյան ինտերնետ կապուղիներ տրամադրող այլ ընկերությունների, մասնավորապես՝ ADC ընկերությանը։ Այս մասին դեկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց «Արմենթել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նշելով, որ ADC-ն դեկտեմբերի 16-ից նվազեցրել է ինտերնետի թողունակությունը՝ պատճառաբանելով, որ ցանցում նորոգման աշխատանք է իրականացնում։

«Եթե այդ նորոգման աշխատանքները, որոնք սկսվել են դեկտեմբերի 16-ից եւ տեւում են մինչեւ օրս, շարունակվեն եւս մի քանի օր, ապա մենք կդիմենք տնտեսական մրցակցության հանձնաժողով, քանի որ կարծում ենք, որ ինտերնետ կապուղիներ տրամադրող մյուս ընկերությունները եւ մասնավորապես՝ ADC-ն անբարեխիղճ մրցակցություն են ծավալել եւ արհեստականորեն իջեցրել են որոշ կայքերի թողունակության մակարդակը»,-ասաց «Արմենթել»-ի տնօրենը։ Ըստ նրա՝ «Արմենթելի» Hi Line-ի անսահմանփակ կապի բաժանորդներին տրամադրվում է վայրկյանում մինչեւ մեկ մեգաբիթ արագությամբ կապ, բայց որոշ հեռախոսակայաններում կան տեխնիկական խնդիրներ, այդ պատճառով հնարավոր է կապի որակը խոստացվածի չափ չլինի։ «Որոշ հեռախոսակայաններից բաժանորդներին ձգվող պղնձալարերն արդեն ֆիզիկապես մաշված են, դրանց մի մասը դեռ նախորդ դարի 70-ական թվականներին է անցկացվել, այդ ամենը ազդում է ինտերնետի որակի վրա»,- նշեց Ի.Կլիմկոն՝ ավելացնելով, որ կապի որակը ստուգելու լավագույն միջոցը «Արմենթելի» պաշտոնական կայքից հատուկ այդ նպատակի համար տեղադրված ֆայլի բեռնումն է։ «Եթե բաժանորդը գնել է անսահմանափակ ինտերնետի մեկ մեգաբիթանոց փաթեթը, ապա մեր կայքում տեղադրված ֆայլը պետք է բեռնվի 1 ՄԲիթ արագությամբ, եթե արագությունը նվազ է, ապա հնարավոր է, որ ինֆորմացիայի կորուստ է լինում մալուխներում։

Բոլոր դեպքերում մենք հետեւում ենք ահազանգերին, եւ հավատացնում եմ, որ խնդիրները աստիճանաբար լուծվելու են»,- վստահեցրեց Կլիմկոն։ Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր էլ կապված է ընդհանրապես ինտերնետ կայքերի թողունակության հետ, որովհետեւ յուրաքանչյուր կայք, թողունակության հնարավորությունը սահմանափակում է։ «Հնարավոր է, որ բաժանորդներն օգտվում են Youtube-ից կամ Gmail հանրահայտ կայքերից, իսկ դրանց թողունակությունն իջեցրել է ADC-ն, մյուս կայքերը եւս թողունակության սահմանափակումներ ունեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց ընկերության պաշտոնական կայքը սահմանափակում չունի, այդ իսկ պատճառով արագությունը կարելի է ստուգել իրենց կայքում։ Ըստ նրա՝ «Արմենթելը» տեսականորեն հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչեւ 1,2 ԳԲիթ վայրկյանում արագությամբ ինֆորմացիա տրամադրել։ «Մեր հնարավորությունները սահմանափակ չեն եւ մենք կարող ենք շատ ավելի մեծ թվով ինտերնետ բաժանորդների սպասարկել»,- վստահեցրեց նա։

Տեղեկացնենք, որ «Արմենթել» ընկերության կողմից ինտերնետի գների իջեցումից հետո ընկերության բաժանորդների թիվը մի քանի հազարով ավելացավ առաջին մի քանի օրվա մեջ, սակայն մի քանի օր անց ինտերնետի սպառողները սկսեցին բողոքել կապի որակից՝ նշելով, որ «Արմենթելի» առաջարկած վայրկյանում 1 ՄԲիթ արագությամբ կապը իրականում շատ ավելի ցածր է։