Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ իր` Լեւոն-Տեր-Պետրոսյանի հետ անհամաձայնություններ ունենալու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը, ով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին է, ընդգրկված չէր ՀԱԿ համամասնական ցուցակում:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՀԱԿ-ից Արամ Զ. Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալուց հետո, սրվել են անհամաձայնությունները Դավիթ Շահնազարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան տանդեմում ոչ միայն արեւմտյան ու հյուսիսային վեկտորների, այլեւ ներ-ՀԱԿ-ական խնդիրների շուրջ: «Ըստ ՀԱԿ-ի աղբյուրների` նրանց միջեւ «անհասկացողության պատ» է առաջացել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առնչությամբ: Դավիթ Շահնազարյանն անհամաձայնություն է հայտնել Գագիկ Ջհանգիրյանի եւ Սարիբեկ Սուքիասյանի  զբաղեցրած տեղերի առնչությամբ, ինչն էլ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրել է: Այս փաստը ոմանց կասկածի տեղիք է տվել, թե Տեր-Պետրոսյանը մտածված է դա արել, որ ցույց տա, թե իր հարազատ մարդկանց անգամ ինքը «մերժում»-նեղացնում է ցուցակի «հաշվով», այնպես որ մնացածները ձեն հանելու տեղ չունեն: Բոլոր դեպքերում, տեւական ժամանակ է, ինչ Դավիթ Շահնազարյանը, այսպես ասած, ՀԱԿ-ից «մեկուսացած» կյանք է վարում»,- գրել էր թերթերից մեկը:

Ավելի վաղ եւս տեղեկություններ էին հայտնվել, որ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արեւմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցությունների հավանական միավորմանը: «Բանն այն է, որ Դ. Շահնազարյանը եւս արեւմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագոծակցության մղել արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին»,- գրել էր թերթերից մեկը: