Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իր դժգոհությունն է հայտնել ընտրությունների ընդհանուր ընթացքի կապակցությամբ՝ նշելով միայն քվեարկության դրական տեխնիկական մասը:

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում պատվիրակությունը նշել է քվեարկության եւ ողջ ընտրական արշավի հիմնական բացասական պահերը: Ինչպես հայտնել է Կոնգրեսի փոխնախագահ Ժան Կլոդ Ֆրեկոնը. «Երեկ մեր առաքելությունն այցելել է ավելի քան 100 ընտրատեղամաս: Ես կցանկանայի նշել 3 պահ: Ընտրություններն աննկատ են անցել, չնկատեցինք, թե ինչպես անցան հեռուստատեսությամբ եւ փողոցներում: Եւ շատ ենք ափսոսում այդ կապակցությամբ, քանի որ ակտիվ քարոզարշավը նպաստում է ժողովրդավարությանը: Եւ այդ հարցը մենք բարձրացրել են եւ արդարադատության նախարարությունում, որ քարոզարշավը վատ է լուսաբանվել հեռուստատեսությամբ:

Երկրորդ. ընդդիմությունը ընտրություններում շատ քիչ էր ներկայացված եւ պատշաճ կերպով չէր լուսաբանվում:

Երրորդ դիտողությունը վերաբերում էր տեղական կառավարման մարմինների ժողովրդավար լինելուն»:

Նշվել է սակայն, որ տեխնիկական առումով ընտրությունները ավելի լավ են անցել, քան նախորդ անգամ: «Չեն գրանցվել կրկնակի քվեարկության դեպքեր: Սակայն 32 տոկոսը շատ փոքր թիվ է մասնակցության համար»:

Ի դեպ, դիտորդական առաքելության վերջնական արդյունքները կամփոփվեն 2010թ. հունվարի 15-ին: