«Հայ-թուրքական գործընթացն ավարտված է Թուրքիայի համար, միջազգային հանրության համար եւ միայն Հայաստանի իշխանություններն են, որ փնտրտուքի մեջ են, որպեսզի փորձեն մեղմացնել կատարվածը»,- դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները վերջապես հասկացել են, թե ինչի է բերել իրենց արկածախնդիր գործունեությունը, որ խաբված են:

«Հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրները եղել եւ մնում են փաթեթ: ԼՂ հարցում կա հետեւողական նահանջ: Մոտ ապագայում Մինսկի խմբում գործընթացները կարագանան»,- կարծիք հայտնեց Դ. Շահնազարյանը:

Հարցին, թե ե՞րբ կստորագրվի ԼՂ հարցով շրջանակային համաձայնագիրը, նա պատասխանեց. «Դա պրոցեդուրային հարց է. կստորագրվի շրջանակային համաձայնագի՞ր, թե՞ կտրվի բանավոր համաձայնություն:

Ժամկետների հետ կապված՝ եթե դեպքերը զարգանան այսպես, ապա դա ամիսների հարց է: Մի բան հստակ է, որ համանախագահ երկրների ղեկավարների կողմից հրապարակված 6 սկզբունքներում որեւէ փոփոխություն չի լինի: Իմ տեղեկություններով սկզբունքները 14-ն են»:

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, որ եթե մինչեւ մարտ-ապրիլ արձանագրությունները Թուրքիան չվավերացնի, ապա ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Դ. Շահնազարյանը հայտարարեց. «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնախոստովանական ցուցմունք, որ գործարքի են գնացել Ցեղասպանության հարցում»: Նա նաեւ հավելեց, որ մոլորություն է, թե ԱՄՆ-ը որեւէ դեպքում կճանաչի Ցեղասպանությունը, քանի որ ԱՄՆ-ը չի ցանկանա տարածաշրջանում Իրանի կողքին ունենալ հակաամերիկյան տրամադրվածությամբ մի երկրորդ պետություն: