Այսօր՝ դեկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիում, անցող տարին էին ամփոփում հայաստանյան տպագիր մամուլի մի շարք ներկայացուցիչների՝ «Տարեգիր», «Հայկական ժամանակ», «Հրապարակ» եւ «Երկիր» թերթերի խմբագիրները։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, օրինակ, անդրադառնալով տարվա ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումներին եւ բացթողումներին՝ նշեց, որ թեպետ 2009-ը մամուլի համար, ընդհանուր առմամբ, դժվար տարի էր, սակայն իրենց թերթը, որ ընդամենը 1.5 տարվա պատմություն ունի, արդեն իսկ հաջողել է շահել ընթերցողի վստահությունը եւ ավելացնել իր տպաքանակը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար Հայկ Գեւորգյանն էլ հիշեցրեց, որ 2009-ին իրենք աշխատել են առանց գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարության, բայց դա իրենց ոչ մի կերպ չի խանգարել։

«Տարեգրի» խմբագիր Վասակ Դարբինյանն, իր հերթին խոսելով անցնող տարվա մասին, նկատեց, որ մենք շարունակում ենք ապրել մի հասարակությունում, որտեղ նույն օրվա մեջ «Փիլոյանը դատարանից ութ տարի է պահանջում Նիկոլ Փաշինյանի համար, իսկ „Ազգ“-ի խմբագիրն էլ, որպես պարգեւ, ոսկե գրիչ է ստանում»։

«Երկիր» օրաթերթի խմբագիր Ռուբեն Մարգարյանը հայտնեց, որ անցնող տարին իրենց համար հատկանշական էր նրանով, որ 2009-ը սկսեցին որպես շաբաթաթերթ, իսկ ավարտում են որպես օրաթերթ։ «Մենք 2010 մտնում ենք նոր ձեւաչափով»,- ասաց նա։

Խոսելով այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն գալիք տարվանից, բանախոսները նկատեցին, որ առանձնապես մեծ սպասելիքներ 2010-ից չունեն։ Ա. Օհանյանը նշեց, որ 2010թ. մտնում ենք երկրում ամենամեծ պահանջարկն ունեցող օրաթերթի՝ «Հայկական ժամանակի» խմբագրի ձերբալված մնալու փաստով, Հայկ Գեւորգյանը որպես մեծ բացթողում նշեց «Ա1+»-ի փակ մնալու հարցը, իսկ Վ. Դարբինյանն էլ ասաց, որ ոչ մի «լուսավոր, պայծառ հեռանկար չի տեսնում»։ Ավելին, ըստ նրա, գալիք տարի մի քանի թերթերի «բերաններ, հավանաբար, կփակվեն»։