Ապագայում Հայաստանի նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը եւ 2013 թվականի նախագահական ընտրություններում վերընտրվելու է։ Այս մասին դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը։

«Ամեն դեպքում, ես իմ կողմից ամեն հնարավորը կանեմ, որ հենց այդպես էլ լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը ոչ մի նկրտումներ չունի նախագահի աթոռի նկատմամբ եւ շատ գոհ է օրենսդիր մարմնում զբաղեցրած իր պաշտոնից։

Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված շշուկները, թե նա պատրաստվում է ներքաղաքական հեղաշրջում կատարել, Աբրահամյանն ասաց. «Ես թիմի մարդ եմ եւ իմ ողջ գործունեության ընթացքում ապացուցել եմ իմ հավատարմությունը, եւ երբեք, ոչ մի դեպքում ես չեմ դառնա դավաճան»։

Խոսելով իշխանության ներկոալիցիոն հարաբերություններից, Աբրահամյանն ասաց, որ կոալիցիայի երեք կուսակցությունները՝ «Հանրապետականը», «Օրինաց երկիրը», եւ «Բարգավաճ Հայաստանը» աշխատում են համերաշխ եւ նրանց մեջ ոչ մի հակասություն չկա։