Միակ դրական արդյունքը, որը գրանցվել է 2009 թվականի ընթացքում, Նազիկ Աղդալյանի աշխարհի չեմպիոն դառնալն է։ Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ամփոփելով 2009 թվականը։ Վերջինս դրական համարեց նաեւ այն, որ 2009 թվականի ընթացքում 2008 թվականի մարտի 1-ի նման իրադարձություններ չգրանցվեցին։
Բացասական իրադարձությունները, ըստ Մարտիրոսյանի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր՝ նախապայմանների առկայությամբ, տնտեսական ճգնաժամը, Փաստահավաք խմբի լուծարումը.
«Փաստահավաք խմբի առաջին զեկույցից հետո, երբ պարզ դարձավ, որ բավականին բացահայտումներ կարող են լինել, իշխանությունները տարան փաստահավաք խմբի լուծարման աշխատանք՝ փորձելով կասեցնել այն բացահայտումները, որ պետք է լինեին մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության նախագահը։ Նա նաեւ նշեց, որ մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել, քանի դեռ բացահայտված չէ, թե ովքեր են իրականացրել սպանությունները։
Հաջորդ բացասական երեւույթը, Մարտիրոսյանի խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններն էին: «Ավագանու ընտրությունների արդյունքում մենք այսօր չունենք որեւէ ընդդիմադիր ավագանու անդամ, որը կարող է պաշտպանել եւ ներկայացնել քաղաքացու շահը»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե ընդդիմությունը ճիշտ գործեր եւ միասնական լիներ, մեծ տոկոսով ներկայացուցիչներ կունենար ներկայացված ավագանիում, չի բացառվում նաեւ, որ ընդդիմադիր քաղաքապետ լիներ։
2010 թվականի համար Մարտիրոսյանը մաղթեց համբերություն եւ անկոտրուն կամք։




























