Ամերիկյան հեղինակավոր «Chicago Tribune» թերթը հոդված է հրապարկել հանրահայտ հյուրանոցային «Hyatt Hotels Corporation»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Մարկ Խոփլամազյանի մասին:
Լինելով հայ ներգաղթյալների թոռ` նա դարձել է հյուրանոցային ցանցի սեփականատեր Փրիթցքեր ընտանիքի բարեկամն ու գործընկերը, գրում է թերթը:
Փրիթցքեր ընկերության ներկայիս ղեկավար Թոմաս Փրիթցքերը պատմել է, թե ինչպես է 1989թ-ին Մարկը հայտնվել իրենց ընկերությունում:
«Երբ նա եկավ մեզ մոտ, ոչ ոք չէր կարողանում արտասանել նրա ազգանունը: Ես նրան անվանեցի Շթեյնբերգ», -պատմել է Փրիթցքերը:
Սակայն ի պատասխան նրա կատակի` Խոփլամազյանը նրան պատասխանել է նամակով, որտեղ պատմել է հայ ժողովրդի, ինչպես նաեւ իր ազգանվան պատմության մասին:
Նա իր նամակն ավարտել է բառախաղ-կատակով. «Եթե դուք սա համոզիչ չեք համարում, եւ Շթայնբերգն առավել օպտիմալ լուծում է, ապա ինձ հարկավոր կլինի հրավեր հրեական Զատիկի համար»: Ըստ թերթի` այդ դիվանագիտական մոտցումը ցնցել է Փրիթցքերին, եւ այդ օրվանից Խոփլամազյանի հնարամտությունն ու գործարար ջիղը ծառայում են «Hyatt Hotels» կորպորացիային:
«Նա շատ շահավետ գործարքներ է կնքել, հետո օգնել է ընկերությանը ծանր շրջանում»,-նշվում է հոդվածում:
Խոփլամազյանը 2006 թ-ից զբաղեցնում է 45 երկրում 90 հազ. աշխատող ունեցող կորպորացիայի նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:


























