Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չի հասկանում, թե ինչու է աժիոտաժ բարձրացվել ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցի շուրջ: «Ըստ էության, այդ ամենի մասին մենք բազմիցս նշել ենք»,- զարմացավ Արմեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ՄՀ համազեկուցողների հրապարակված զեկույցում նշվել էր, որ ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը միակողմանի է, եւ կասկածի տակ է դրված դրա արժանահավատությունը:

«Զեկույցի գնահատականները 90 տոկոսով համընկնում են մեր գնահատականների հետ»,- նշեց ՄԻՊ-ը եւ հավելեց, որ այնպիսի աղմուկ է բարձրացվել, կարծես «գյուտ են արել»:

Արմեն Հարությունյանը նաեւ «խնդրանք ուներ» քաղաքական գործիչներից: «Մարտի 1-ը դա էջ չէ: Այդ էջը փակելու կամ բացելու մասին խոսք չպիտի լինի: Մի կողմը խոսում է փակելու, մյուսը՝ բացելու մասին: Եթե բոլոր հարցերը լուծվեն էլ, դա մեր հիշողության մեջ պիտի մնա, որ հասկանան՝ ինչպիսի քաղաքական կամ տնտեսական համակարգ չպետք է լինի»: