Դեկտեմբերի 24-ին թուրքական ոստիկանության կողմից իրականացված ձերբակալությունների շարքը վրդովվեցրել է քուրդ պատգամավորներին եւ քուրդ քաղաքապետերին։ Այդ օրը իրականացված գործողությունների արդյունում տասնյակ ձերբակալված քրդերի մեջ են նաեւ 10-ից ավել քուրդ քաղաքապետեր։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում հավաքված արդեն փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ պատգամավորները եւ այլ գործիչներ քննադատել են իշխանությունների նման գործելաոճը։ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը չի կարողացել իրեն զսպել եւ նույնիսկ հայհոյել է։ Վերջինս նշել է, որ իշխանությունները խոստացան կարգավորել քրդական հարցը, սակայն փակեցին իրենց կուսակցությունը, արգելեցին քուրդ քաղաքական գործիչներին զբաղվել քաղաքականությամբ, ձերբակալեցին իրենց բազմաթիվ ընկերներին։ «Եթե նրանք մեղք են գործել, որ ձերբակալում եք, ուրեմն մեզ բոլորիս էլ ձերբակալեք, քանի որ բոլորս նույն մեղքն ենք գործում, կամ էլ բոլորին ազատ արձակեք։ Կամ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեք, կամ էլ ժողովուրդը գիտի ձեզ ինչպես ստիպի հետ քայլ անել։ Մենք շարունակելու ենք մինչ հասնենք հաջողության»,-ասել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։