Հայաստանում, ըստ էության, ազատ, արդար դատարան գոյություն չունի: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը ՀՀ-ում» արտահերթ զեկույցը:

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանում «դատարանները ձերբազատված չեն քրեական հետապնդման մարմնին հարելու իրենց կարգավիճակից եւ շարունակում են իրենց վրա կրել դատախազական համակարգի ազդեցությունը»:

Պաշտպանը նշեց նաեւ, որ 2008թ. մարտի 1-ի կապակցությամբ դատական գործերի 90 տոկոսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անպայման բավարարվելու են: ՄԻՊ-ի կարծիքով, դատական համակարգում առկա խնդիրներն առավել ցայտուն երեւացին մարտիմեկյան դատավարություններում: «Դատական համակարգն ընդհանրապես նորմալ չի գործում»,- ասաց Հարությունյանը:

Արմեն Հարությունյանը եզակի դրական միտումներ է նկատել 2009թ., «սակայն դրանք քիչ են, ընդհանուր առմամբ այստեղ խնդիրներ ունենք»: