Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է A/H1N1 վարակի՝ «խոզի գրիպի» 4 դեպք: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը՝ նկատելով, որ վարակվածները մտնում են ռիսկային խմբերի մեջ՝ 2 երեխա եւ 2 կին:

Երեխաներից մեկն արդեն դուրս է գրվել, երկրորդին դուրս կգրեն այսօր: Մյուսը տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց ծանր վիճակում, սակայն արդեն առաջընթաց է նկատվում նրա բուժման գործընթացում:

«Խուճապի մատնվելու կարիք չկա: Իրավիճակը վերահսկվում է։ Ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջկենտրոններում եւ գյուղերում իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ»,- նշել է Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, վերահսկողությունը շարունակվելու է ինչպես ամանորյա, այնպես էլ հետտոնական օրերին:

Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանի՝ դեկտեմբերի 21-ից 26-ը դադարեցվել են պարապմունքները հանրակրթական, միջին-մասնագիտական եւ բարձրագույն հաստատություններում, իսկ մանկապարտեզներում՝ մինչեւ դեկտեմբերի 30-ը: Մասնագետների պնդմամբ՝ կրթական հաստատությունների փակումը նպաստել է վերին շնչուղիների հիվանդությունների կանխարգելմանը: