Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ բացահայտել է ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքը:
NEWS.am-ը Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Նախօրեին համացանցում հայտնվեց Խոջալուի մասին ադրբեջանական հերթական „ֆիլմը“, որտեղ „հյուրասեր եւ խաղաղասեր“ ադրբեջանցիները պատմում են Խոջալուի „ողբերգության“ մասին:
Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական „ֆիլմում“ առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ եւ խեղաթյուրված փաստեր:
Լկտի սուտ են Զորի Բալայանի „գրած“ գրքից մեջբերումները: Դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը, նշելով, որ ինքն այդպիսի գիրք չի գրել»:
Ըստ ՊՆ պատասխանատուների՝ «ֆիլմում» նշվում է, որ Խոջալուից փախած բնակիչները գնդակահարվել են հայկական Նախիջեւանիկ գյուղի մոտ: Այս փաստը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1992թ. փետրվարին Աղդամի մոտակայքում գտնվող Նախիջեւանիկ գյուղը հայկական զինուժի վերահսկողության տակ չէր:
«Ֆիլմն» ավարտվում է հուզիչ, սրտաճմլիկ երաժշտությամբ եւ, իբր թե զոհերի ու դեպքի ականատեսների լուսանկարներով: Ընդամենը 1-2 րոպե որոնումից հետո պարզ է դառնում, որ լուսանկարներից մեկը վիրավոր հայ երեխայի լուսանկար է, որը տպագրվել է «Комсомолец Кузбаса» թերթի 1991թ. դեկտեմբերի 5-ի համարում, իսկ հոդվածը կոչվում է «Долгая дорога в Эркеч»: Նշված հոդվածի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է http://www.press.karabakh.info կայքում":
«Մնում է միայն ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատակիցներին խորհուրդ տալ ավելի ուշադիր լինել եւ այնպիսի կեղծիքներ անել, որ այդքան ակնառու չլինեն եւ հեշտությամբ չբացահայտվեն»,- նշել են հայտարարության հեղինակները:
Հիշեցնենք, որ երեկ էլ ԼՂՀ ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել՝ մերկացնելով ադրբեջանական քարոզչամեքենայի լկտի եւ անհեթեթ կեղծիքները:




























