Երեւանի պետական համալսարանի բյուջեն ավելացվելու է 400 մլն դրամով։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ ԵՊՀ անցնող տարվա բյուջեն կազմել է 7 մլրդ դրամ, սակայն 2010-ին այն ավելանալու է եւս մոտ 400 մլն-ով։ Ըստ Սիմոնյանի՝ համալսարանի բյուջեից ֆինանսավորվում են նաեւ պետական ոչ առեւտրային որոշ կազմակերպություններ, իսկ 7 մլրդ 400 մլն դրամից մայր բուհի գումարը կազմելու է 6.9 մլրդ դրամ։
Համալսարանի ռեկտորը նաեւ տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն նախատեսում է 2011 թվականից տեղեկատվական անվտանգության մասնագետներ պատրաստել։ «Ապագայում նաեւ ցանկանում ենք չինագիտության ֆակուլտետ բացել, այժմ զբաղվում ենք չինագետ մասնագետների պատրաստմամբ»,- ասաց Ա.Սիմոնյանը։
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ համալսարանը 62 մասնագիտություններով մասնագետներ է պատրաստում եւ 16 հազարից ավելի ուսանողներ ունի։




























