Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստում այսօր հաստատվեց ԵՊՀ 2010-2014 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահությամբ կայացած նիստում հաստատվեց նաեւ 2010թ.-ի ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը, ինչպես նաեւ 2008-2009 թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը։

Նիստը աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով տարվա ընթաքում մահացած նիստի անդամներ՝ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի եւ ակադեմիկոս Աիդա Ավետիսյանի հիշատակը։ Նիստին խորհրդի 70 անդամներից ներկա էին 60-ը։ Ս.Սարգսյանը բացման խոսքում նշեց, որ համալսարանը գոյության 90 տարիների ընթացքում 100 հազարից ավելի շրջանավարտներ է տվել, որոնք Հայաստանի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել։ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտներն ու դասախոսները միշտ էլ հանդիսացել են գիտության նոր ճյուղերի հիմնադիրներ ու զարգացնողներ, եւ հսկայական ներդրում են ունեցել մեր ժողովրդի զարգացման համար։ Կարծում եմ, որ պետք է այդ ավանդույթը շարունակել՝ ի փառս մեր ժողովրդի եւ հանուն մեր պետության»,- ասաց նախագահը։

Տեղեկացնենք, որ նիստում քննարկվող 5 հարցերի զեկուցողը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էր։