Թուրքիան կարող է դառնալ այն երկիրը, որի հետ Իրանը կարող է իր ցածր հարստացված ուրանի փոխանակում կատարել միջուկային վառելիքի 20 տոկոս վերահարստացման համար: Այդ մասին, ինչպես գրում է The Washington Post թերթը, հայտարարել է Իրանի ԱԳՆ նախարար Մանուչեհր Մոթաքին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, երկիրը պատրաստ է Թուրքիա ուղարկել 400 կգ ցածր հարստացված ուրան (3,5 տոկոս)՝ մինչեւ 20 տոկոս վերահարստացման համար հաղորդում է CNN Turk-ը:

Ինչպես հայտնել է Մոթաքին Իրանի պետական հեռուստաալիքին, ԻԻՀ-ն այդ հարցում «թուրքական հողում որեւէ խնդիր չունի»:

Պաշտոնական տվյալներով, Իրանը 20 տոկոս հարստացված 116 կգ ուրանի կարիք ունի Թեհրանի հետազոտական ռեակտորում բժշկական նպատակներով օգտագործելու համար:

Համաձայն ՄԱԳԱՏԷ-ի՝ հոկտեմբերի վերջին արած առաջարկության, Իրանին առաջարկվել է մոտ 1,2 տոննա ուղարկել Ռուսաստան 19,75 տոկոս հարստացման, ապա Ֆրանսիայում օգտագործման համար, սակայն Թեհրանը հրաժարվեց այդ ծրագրից, հայտարարելով, որ կհամաձայնվի միայն փուլային փոխանակման, այն էլ Իրանի տարածքում: