Յուրաքանչյուր հայ իրավունք ունի դառնալու Արցախի քաղաքացի: Անթույլատրելի է, երբ որեւէ հայի մերժվում է հայաստանյան քաղաքացիություն տալը: Այսպես է պատասխանել Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը` այսօր հայաստանյան մամուլում «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանի հրապարակային հարցին` ուղղված ԼՂՀ նախագահի թեկնածուներին:
Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի դառնալու Արցախի քաղաքացի: Անթույլատրելի է, երբ որեւէ հայի մերժվում է հայաստանյան քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում էական ներդրում ունեցող հրամանատարին:
Ավելին`մեզ պարտադրված պատերազմում արցախցու կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ունի Արցախի քաղաքացի դառնալու իրավունք»,- նշել է նա:
Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումն է լինելու: «Օրենքը կենթադրի նաեւ երկքաղաքացիության ինստիտուտ: Անկախ օրենքի առկայությանը` Ժիրայր Սեֆիլյանին նախագահի հրամանագրով կշնորհվի Արցախի քաղաքացիություն:
Վիտալի Բալասանյանի համար այս հարցը նաեւ բարոյական կողմ ունի: Ժիրայրը հայրենիքից դուրս բնակվող հայերի այն ներկայացուցիչն է, ովքեր հայրենիքի վտանգի դեպքում իրենց նետեցին պատերազմի բոցերի մեջ: Մենք իրավունք չունենք նման տեսակը ոչնչացնելու:
Վիտալի Բալասանյանի` նախագահ դառնալու դեպքում, Արցախը դառնալու է մեր հայրենիքի այն մասը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հայորդիները հնարավորություն կունենան առանց արհեստական խոչընդոտների իրականացնել իրենց ներուժը»,- նշված է նրա նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:



























