ԱՄՆ-ում 96 տարեկան հասակում մահացել է ամերիկյան կինոդերասանուհի եւ «Օսկարի» մրցանակակիր Սելեսթա Հոլմը: Այս մասին հայտնել է նրա զարմուհին` Էմի Ֆիլիփսը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Բրոդվեյի աստղը երկու շաբաթ առաջ հրդեհից հետո տեղափոխվել էր Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը, որը տեղի էր ունեցել Մանհեթենում իր հարեւանի` հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոյի տանը:

Սելեսթա Հոլմի մոտ ախտորոշել են ջրազրկում: Ուրբաթ օրը Հոլմն ամուսնուն խնդրել է տուն տանել իրեն հիվանդանոցից, որտեղ էլ ընտանիքի շրջապատում անցկացրել է իր կյանքի վերջին օրերը: «Ես կարծում եմ, նա ցանկանում էր լինել հենց այստեղ` իր տանը, սիրելի մարդկանց շրջապատում»,-ասել է Ֆիլիփսը, հաղորդում է Vesti.ru-ն:

Նշենք, որ Հոմսը նկարահանվել է ավելի քան 85 ֆիլմերում: Հանդիսատեսը նրան ճանաչում է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ամեն ինչ Եվայի մասին» (1950), «Բարձրագույն հասարակություն» (1956), «Թոմ Սոյեր» (1973), սակայն նրան համաշխարհային հռչակ է բերել ռեժիսոր Էլյա Կազանայի «Ջենթլմենական համաձայնություն» (1947) ֆիլմը, որի համար նա «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» է արժանացել: