Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարարի եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նախատեսված երկու երկրների միջեւ փոխադարձաբար մուտքի վիզաների վերացման փաստաթղթի ստորագրումը տեղի չի ունեցել։ Այս հանգամանքը անմիջապես արձագանք է գտել թուրքական մամուլում։

Թուրքական Ilhassondakıka կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպմանը նշել է. «Մեր հանդիպման հիմնական քննարկման թեման եղել է Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ Ադրբեջանական նավթային պետական ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը նույնպես մեր հետ էր»։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր հերթին նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

Երկու երկրներում մուտքի վիզաների վերացման խնդրում ադրբեջանական կողմից խնդիրներ են ծագել։ Առանց այդ խնդիրները լուծելու ստորագրված համաձայնագիրը դժվարությունների առաջ կկանգնի։ Այսպես են բացատրել բանախոսները՝ պատասխանելով չստորագրված համաձայնագրի հետ կապված հարցին։

«Hurriyet»-ի փոխանցմամբ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ստորագրման արարողությունը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով։ Նրանք նաեւ նշել են, որ բանակցություններն այս թեմայի շուրջ դեռ կշարունակվեն։

Նշենք, որ երկու երկրների միջեւ վիզաների ռեժիմի վերացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին տեղեկատվությունը տարածել էին թուրքական լրատվամիջոցները։

Այցի շրջանակներում Մամեդյարովը նախատեսում է հանդիպել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահինի հետ։