Ռուսաստանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել օղու արտադրությամբ զբաղվող «Էսպալոն» ԲԲԸ-ին եւ «Աշան» առեւտրային ցանցին՝ Comedy Club Production-ի օգտին մոտ 8 մլն ռուբլի տուգանելու մասին՝ «Comedy» ապրանքանիշի ապօրինի օգտագործման համար:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ դեռեւս այս տարվա մայիսին դատարանը մասնակիորեն բավարարել էր Comedy Club-ի հայցը` արգելելով «Աշան» առեւտրային ցանցին՝ վաճառել Comedy ապրանքանիշի օղի, ինչպես նաեւ պահանջելով «Էսպալոն» ընկերությունից՝ այլեւս չօգտագործել Comedy ապրանքային նշանը: Բացի այս, դատարանը պարտավորել էր «Էսպալոն» ընկերությանը սեփական միջոցներով ոչնչացնել դեռեւս շրջանառության մեջ գտնվող Comedy ապրանքանիշի օղին եւ Comedy Club-ին վճարել նյութական փոխհատուցում:
Վերաքննիչ դատարան դիմելը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, պայմանավորված է փոխհատուցման ենթական գումարի շուրջ ծագած տարաձայնություններով: Այժմ Comedy Club-ի հայցը բավարարված է, եւ «Էսպալոն» ընկերությունը պարտավորվել է վճարել 7 մլն 64 հազար ռուբլի, իսկ «Աշան» առեւտրային ցանցը` 1 մլն ռուբլի:
Հիշեցնենք, որ Comedy Club-ի հիմնադիրները «Նոր հայեր» թիմի անդամներ Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանն են:




























