Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 16-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` ծանոթանալու մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ), Համաշխարհային բանկի, ԻՖԱԴ-ի գրասենյակի ծրագրերի միջոցով` միտված սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Փոխվարչապետն այցն սկսեց Սեւան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչեւ Դիլիջան քաղաքի օղակաձեւ խաչմերուկ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների դիտարկմամբ: Հիմնանորոգման համար ՀՀ կառավարության հունիսի 28-ի 819-Ն որոշմամբ նախատեսված է 1 մլրդ 177 մլն դրամ: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ փոխվարչապետին զեկուցվեց, որ դրանք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում: Ա. Գեւորգյանը կարեւորեց հիմնանորոգումը որակյալ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու հանգամանքը:

Այնուհետեւ Ա. Գեւորգյանը մարզպետ Ա. Ղուլարյանի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանի ուղեկցությամբ Իջեւան քաղաքում ծանոթացավ Իջեւանի գրադարանի վերանորոգման ընթացքին: Պետբյուջեի միջոցներով գրադարանի վերանորոգման համար հատկացվել էր 53 մլն դրամ: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 30 մլն դրամ: Փոխվարչապետի հետ քննարկվեց ՀՍՆ հիմնադրամի ֆինանսավորմամբ աշխատանքն ավարտին հասցնելու հնարավորությունը:

Ա.Գեւորգյանը եղավ սահմանամերձ Բարեկամավան համայնքում, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի խմելու ջրագիծը` բարելավելով երկու թաղամասի ջրամատակարարումը: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 20 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ համայնքն ապահովել գազամատակարարմամբ. հրատապ երրորդ ծրագրով գազատարի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 6.2 մլն դրամ: Համայնքում բարձրացվեց վթարային դպրոցի ամրացման եւ համայնքային կենտրոնի շենք ունենալու հարցը: Քննարկվեցին դպրոցի սեյսմակայունության բարձրացման, վերանորոգման, ինչպես նաեւ առկա շենքային պայմաններում համայնքապետարանի տեղակայման հնարավորությունները:

Այցի շրջանակում Բերքաբեր համայնքում Ա.Գեւորգյանը ծանոթացավ դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել ՀՍՆ հիմնադրամի ֆինանսական միջոցներով: Տեղեկացվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով հատկացված 12 մլն դրամով վերանորոգվել է շենքի միայն տանիքը, սակայն մասնաշենքը չի վերանորոգվել արդեն 30 տարի:

Բարձրացվեց նաեւ համայնքային կենտրոնի վերանորոգումն ավարտին հասցնելու հարցը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ հրատապ ծրագրով կենտրոնի վերանորոգման համար հատկացվել էր 18 մլն դրամ, որով նախատեսված աշխատանքներն ավարտված են, սակայն վերանորոգումն ավարտին հասցնելու համար լրացուցիչ 20-25 մլն դրամի անհրաժեշտություն կա:

Սարիգյուղ համայնքում քննարկվեց համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցման հնարավորությունը, այս խնդիրը բարձրացվել էր նաեւ ՀՀ նախագահի ապրիլին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ:Փոխվարչապետը հանձնարարեց ՀՍՆ հիմնադրամի տնօրենին` ուսումնասիրել մոտակա ջրաղբյուրների օգտագործման հնարավորությունը եւ առաջարկություն ներկայացնել աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Այցի ավարտին Ա.Գեւորգյանին ներկայացվեց նաեւ ԻՖԱԴ-ի գրասենյակի կողմից Կոթիի տարածաշրջանում նախատեսվելիք գազաֆիկացման ծրագիրը:Կգազաֆիկացվեն Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի , Ջուջեւան համայնքները, որտեղ կանցկացվեն նաեւ ներքին գազաբաշխիչ ցանցեր: Ավելի քան 2,5 մլն դոլարի ներդրում պահանջող աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ա. Գեւորգյանը կարեւորեց սահմանամերձ համայնքների գազաֆիկացումը: