Գյումրիում հուլիսի 16-ին մայր ու աղջիկ վիճաբանել են, եւ այդ ընթացքում 14-ամյա դուստրը` Հասմիկ Բիչոյանը, դանակով հարվածել է մորը` Ժաննա Հակոբյանին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Մայր ու աղջիկ բնակվում եմ Գյումրու Շիրակացի փողոցի տնակային թաղամասերից մեկում: Դեպքի մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել մայրը` Ժաննա Հակոբյանը: Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակից Կարեն Հովհաննիսյանի խոսքով` փաստի առթիվ բաժնում նախապատրաստվում են նյութեր: «Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ տիկին Ժաննան տառապում է հոգեկան հիվանդությամբ, իսկ վեճը նրանց միջեւ ծագել է կենցաղային հողի վրա: Աղջիկը ցանկացել է ծառից բալ հավաքել ու պահածոյացնել... Իսկ մայրը վիճաբանել է դստեր հետ»,- ասաց գործով քննիչ Կարեն Հովհաննիսյանը: Ընտանիքն ապրում է սոցիալապես ծայրահեղ անապահով պայմաններում, եւ մայրը զայրացել է դստեր վրա` պարտքով շաքարավազ գնելու համար:«Մենք փող չունենք, մենք պարտքերի մեջ ենք, հացի փող չունենք, իսկ դու շաքարավազ ես գնում»,- նախատել է մայրը: Դեպքը տեղի է ունեցել տնակի դիմացի հատվածում. Խոհանոցային դանակով աղջիկը հարվածել է մորը` թիկունքի հատվածում պատճառելով վնասվածքներ: Ժաննա Հակոբյանը բուժօգնություն է ստացել Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում: Իրականացվել է նաւ դատաբժշկական փորձաքննություն` դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»,- գրում է «Հայկական ժամանակը»: