«Իսկ ի՞նչ պատասխան եք ինձնից սպասում»,-հարցով պատասխանեց բնապահպանության նախարարը NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե բնապահպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում Օղակաձեւ այգում սկսած շինարարությունը կանխելու համար, որի արդյունքում, ի դեպ, մի շարք ծառեր են հատվում։

Պարզվում է՝ նախարարը տեղյակ չէ, որ Խանջյան փողոցին հարող այգու մի մեծ հատվածում շինարարություն է իրականացվում եւ դրա արդյունքում մեծաթիվ ծառահատումներ են լինում։ Հետաքրքրականն այն է, որ կառուցվող օբյեկտը հերթական ամառային սրճարանը չէ, ինչի գոյության հետ երեւանցիներն արդեն համակերպվել են, այլ մի հիմնավոր կառույց, որի միայն հիմքը գցելու համար փորել են մոտ 6 մետր խորությամբ փոս։

Այգու այս հատվածում շինարարական աշխատանքներն իրականացվում են արդեն մի քանի ամիս, այս մասին նույնիսկ գրել է «Голос Армении» պարբերականը, իսկ ահա բնապահպանության նախարարը, որը քիչ առաջ մամուլի ասուլիսում հավաստիացնում էր, թե իր գլխավորած նախարարությունն օպերատիվորեն արձագանքում է ԶԼՄ-ներում բնապահպանությանը վերաբերող հոդվածներին, զարմանալիորեն տեղյակ չէր այս դեպքից։ Ամեն դեպքում, նա խոստովանեց, որ առաջին անգամ է լսում կառուցապատման մասին եւ որեւէ հստակ պատասխան այս հարցի առնչությամբ չի կարող տալ։

«Ես պետք է սկզբում պարզեմ՝ օրինակա՞ն է այս կառուցապատումը թե ոչ, խախտվե՞լ է քաղաքաշինության հաստատված նախագիծը։ Եթե դա ապօրինի օբյեկտ է, ապա մենք ամեն միջոց կձեռնարկենք»,- հավաստիացրեց Արամ Հարությունյանը։

Իսկ եթե դա օրինակա՞ն կառույց է, պարոն նախարար։ Ստացվում է, որ կասկածելի տարբերակներով ձեռք բերված ինչ-որ փաստաթղթերի միջոցով կարելի է հատել ծառերը եւ շենքեր կառուցել հենց այգիների մե՞ջ։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար է բնապահպանության նախարարությունը, որպեսզի որոշումներն ընդունվելուց հետո տեղեկանա այդ որոշումներին եւ ձեռքերը թափահարելով ման գա ու ասի, որ ոչինչ չի կարող անե՞լ։ Իսկ գուցե ավելի լավ է հետքերով գնալ եւ իմանալ, թե ո՞վ եւ ինչու՞ է շինարարական աշխատանքների թույլտվություն տվել, որն ի դեպ իրականացվում է բոլոր բնապահպանական նորմերի ակնհայտ խախտումներով, եւ արդյո՞ք սրանում չէ բնապահպանության նախարարության առաքելությունը։ Պարզվում է, որ ոչ։ Այս մասին մեզ բացատրեց նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով անամոթաբար խառնվում էր նախարարի հետ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին՝ փորձելով պաշտպանել վերջինիս. «Իսկ դուք ի՞նչ է, դե՞մ եք, որ մեր քաղաքը կառուցապատվի»,- վրդովված հարցրեց երրորդ ավելորդը։ Հավանաբար նա այդ պահին մոռացավ, որ ոչ թե քաղաքաշինության նախարարության, այլ բնապահպանության նախարարության աշխատակից է։

"Իսկ դուք կո՞ղմ եք, որ քաղաքը կառուցվի ի հաշիվ արդեն հազիվ շնչող Երեւանի էկոլոգիայի,-հարցով պատասխանեցի հարցին։ Սակայն պարզվում է, որ երրորդ ավելորդը ամենեւին էլ դեմ չէր դրան։ Եւ նույնիսկ իմ ծայրահեղ վրդովմունքը չկանգնեցրեց նրան, ով Արամ Հարությունյանի՝ ինձ ուղղված հարցին «Ի՞նչ եք ինձնից սպասում» շտապեց պատասխանել իմ փոխարեն. «Նա ուզում է, որ դուք վրդովվեք եւ զայրանաք»։ Ահա այսպես…

Այսպես են հոգում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հայրենի բնության մասին։ Արդյունքն ակնհայտ է. Երեւանը վերածվում է կիսաանապատ տարածքի՝ իր բոլոր հետեւանքներով։ Այդ պատճառով է թերեւս, որ Նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է կոպիտ խախտումներ լեռնահանքային արդյունաբերությունում։ Ի դեպ, Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը խոստովանեց, որ երբ բնապահպանության վարչությունը դարձավ նախարարություն, խախտումների թիվը կտրուկ կրճատվեց։

Հ.Գ. Անկեղծ լինենք եւ ասենք, որ ամոթից ելնելով՝ նախարարը իր աշխատակիցներից մեկին հանձնարարեց զբաղվել այս հարցով։ Նա էլ իր հերթին վերցրեց NEWS.am-ի թղթակցի հեռախոսահամարը եւ խոստացավ զանգել։ Դե ինչ, կսպասենք զանգին…