Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կասկած չունի, որ Եվրոպայի չեմպիոնների գավաթի գալիք խաղարկությանը իր թիմի համար, մեղմ ասած, հեշտ չի լինելու։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցն է Զագրեբի "Դինամոն ։ «Վիճակահանության արդյունքում մենք հանդիպելու ենք այդ փուլի ամենաուժեղ ակումբներից մեկի հետ։ Խորվաթական „Դինամոն“ ոչ մեկի համար նվեր չէ։ Մենք ծանոթ չենք նրա խաղաոճին, սակայն այսօրվանից ուսումնասիրելու ենք մեր մրցակցին։ Հաջորդ փուլ դուրս գալու համար մեծ ջանքեր պետք է գործադրենք։ Հուսով եմ, որ իմ սաները՝ ամենայն պատասխանատվությամբ կմոտենան այդ դիմակայությանը»,-ասել է Մինասյանը: «Դինամոյի» հետ առաջին խաղը Հայաստանի չեմպիոն « Փյունիկը» կանցկացնի սեփական դաշտում, հուլիսի 14-ին կամ 15-ին: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին կամ 22-ին Խորվաթիայում:



























