2012 թ. հուլիսի 10-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշում է ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%: ՀՀ կենտրոնական բանկը տարածել է հաղորդագրություն` այդ որոշման դրդապատճառների մասին:
Ներքին շուկայի զարգացումներ
Նշվել է, որ 2012 թ. հունիսին արձանագրվել է 1.3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%` պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում: Հունիսը հիմնականում կրկնել է նախորդ ամսվա միտումները. ամսական գնանկումը, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գների գրեթե անփոփոխ մակարդակների պարագայում, պայմանավորված է եղել բացառապես պարենային ապրանքների գների անկմամբ:
2012 թ. անցած 5 ամիսների արդյունքներով դիտվել է դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի համեմատ մասնավոր սպառման առավել արագ աճ եւ մասնավոր ներդրումների ավելի մեծ անկում: Համախառն պահանջարկի վրա պետական ծախսերի զսպող եւ եկամուտների գրեթե նույնքան ընդլայնող ազդեցության պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը եղել է չեզոք:
Խորհրդի նիստում ներկայացվել են նաեւ ֆինանսական շուկայի զարգացումները: Հունիսին, 12-ամսյա գնաճի ձեւավորված բավականին ցածր մակարդակի պարագայում ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ելնելով այն գնահատականից, որ մայիս-հունիս ամիսներին դրամի արժեզրկման արդյունքում դրամավարկային պայմաններն արդեն իսկ թուլացել են: Չնայած Ֆինանսական շուկայում հունիսին արձանագրվել է միջին ամսական տոկոսադրույքների որոշակի աճ, սակայն տոկոսադրույքների միջին եռամսյակային մակարդակները ցածր են նախորդ եռամսյակի միջինների նկատմամբ: Հունիսին միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 10.2%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ շուրջ 9.0%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 9.6%:
ՀՀ արտարժույթի շուկայում հունիսին շարունակվել է դրամի արժեզրկումը. նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 4.0%-ով` կազմելով 414.6 դրամ, Եվրոյի նկատմամբ` 2.1%-ով՝ կազմելով 519.8 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեւորվել է 2.2%-ով` կազմելով 12.6 դրամ:
Ֆինանսական շուկայի նկարագրված զարգացումների ներքո հունիսին ձեւավորվել է դրամավարկային հետեւյալ միջավայրը. 12-ամսյա կտրվածքով փողի եւ դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 23% եւ 21%-ով, որոնց կառուցվածքում դրամային ավանդների տ/տ աճը կազմել է 29.8%: Արտարժութային ավանդները հունիսին ավելացել են տ/տ 25.3%, ինչի հետեւանքով դոլարայնացման մակարդակն ավելացել է 1.9%-ով: Հունիսին պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը` տ/տ 35.6%, որի կառուցվածքում շարունակում են գերակշռել արտարժույթով տրամադրված վարկերը:
Արտաքին շուկաների զարգացումներ
2012 թ. հունիսին հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ընդհանուր առմամբ, դրսեւորվել են գնանկումային միտումներ:
Այսպես, Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը երկրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է շուրջ 8.3%-ով; Միջազգային ֆինանսական շուկաներում դոլարի արժեւորման միտումների շարունակման պայմաններում հունիսին դիտվել է ոսկու գնի չնչին աճ` 0.8%, որի պարագայում անգամ երկրորդ եռամսյակում` նախորդ եռամսյակի նկատմամբ նվազումը կազմել է 4.7%-ով (տ/տ աճը` 6.8%): Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը 2012թ. հունիսին նվազել է 5.2%-ով (տ/տ նվազումը` 18.1%):
Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. հունիսին շարունակել է նվազել` նախորդ ամսվա նկատմամբ իջնելով 1.8%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազումը կազմել է 14.8%: Չնայած երկրորդ եռամսյակի արդյունքներով ցորենի միջազգային գինը նվազել է 3.5%-ով (տ/տ նվազումը` 15.4%), այդուհանդերձ, հունիսին այդ շուկայում դիտվել է գների աճ` 4.5%, ինչը պայմանավորվել է 2012-2013 մարքեթինգային տարում նախորդ տարվա նկատմամբ ցորենի համաշխարհային բերքի կրճատման վերաբերյալ սպասումներով:
Շաքարավազի և բրնձի միջազգային գները եւս հունիսին նվազել են, ինչի արդյունքում շաքարավազի գները նվազել են տ/տ 17.7%-ով, իսկ բրնձինը` աճել շուրջ 1%-ով:
Ե'վ ԱՄՆ ԴՊՀ-ն, և' Եվրոպական Կենտրոնական բանկը, հաշվի առնելով իրենց տնտեսությունների զարգացման համեմատաբար կայուն ու չափավոր տեմպերը, անփոփոխ են թողել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, ինչպես նաեւ եռամսյա LIBOR միջբանկային տոկոսադրույքը եւս մնացել է անփոփոխ մայիսի նկատմամբ` կազմելով միջինում 0.46%:
ԿԲ Խորհուրդն արձանագրել է, որ Եվրամիության պարտքային հիմնախնդիրների սրման եւ համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման սպասումների շարունակման պայմաններում կանխատեսվող հորիզոնում կպահպանվի հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձեւավորված գնանկումային միջավայրը, թեեւ ցորենի միջազգային շուկայում դիտվել է գների որոշակի աճ` պայմանավորված ցորենի համաշխարհային բերքի ծավալների կրճատմամբ:
ԿԲ եզրակացությունները
ԿԲ Խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը կլինի փոքր-ինչ գնաճային, քանի որ արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների թողարկման ծավալների առավել արագ աճի տեմպերով պայմանավորված տնտեսական ավելի բարձր աճը հիմնականում կանդրադառնա համախառն պահանջարկի խթանման, ինչպես նաեւ մասնավոր սպառման առավել արագ տեմպերով աճի վրա` արտահայտվելով գնաճային դրսեւորումներով: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գների վրա կանխատեսվող հորիզոնում գնահատվում է չեզոք:
Հաշվի առնելով արտաքին եւ ՀՀ տնտեսությունների իրար փոխադարձ չեզոքացնող ազդեցությունները ներքին գների վրա, ինչպես նաեւ այն, որ հունիսին եւս շարունակվել են դրամի արժեզրկման միտումները, ԿԲ խորհուրդը որոշեց ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից:



























