Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, որ գտնվում է նախնական կալանքի մեջ, նախօրեին անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր կալանքը եւս 4 ամսով երկարաձգելու մասին Թբիլիսիի քաղաքայի դատարանի որոշման: Գամսախուրդիան ոստիկանության կողմից ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին եւ մեղադրվում է իր հարեւան Դավիթ Բաջելիձեին կանխամտածված հրազենային վնասվածք հասցնելու մեջ:

Գամսախուրդիան հերքում է մեղադրանքները եւ պահանջում է ազատ արձակել իրեն, քանի որ Բաջելիձեն հայտնել է քննությանը, որ իր վրա կրակել է անծանոթ մի տղամարդ: «Մենք քանիցս միջնորդել ենք դատարանին՝ դադարեցնել գործը ամբաստանյալի անմեղության հիմքով, սակայն դա տեղի չի ունեցել, ուստի Գամսախուրդիան դիմել է ծայրահեղ քայլի՝ անժամկետ հացադուլի»,- լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Կետի Բեքաուրին:

Նշենք, որ անազատության մեջ Վրաստանի նախագահի առաջին որդին արդեն մեկ անգամ դիմել է հացադուլի: