«Այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ էր, Հայաստանը փորձում էր ավելի մեղմ դիրքորոշում գրավել, Ղարաբաղն ավելի կոշտ դիրքորոշում էր ունենում եւ այստեղ մենք ոչ շահեկան վիճակում էինք հայտնվում»,- NEWS.am-ի հարցին, թե ո՞վ է, ի վերջո, մեղավոր, որ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից, պատասխանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու իր տեսակետը բացատրեց այսպես. «Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, իսկ Հայաստանը սուբյեկտ էր, եւ քանի որ բոլորն էլ զգում էին որ հակամարտությունը գնում է հայերի ու ադրբեջանցիների միջեւ, նրանք թույլ կետ էին ման գալիս եւ այն միշտ, ըստ էության, գտնում էին ՀՀ դիրքորոշման մեջ: Եվ հենց դրա պատճառով էր, որ 1996 թվականին ի հայտ եկավ տխրահռչակ լիսաբոնյան փաստաթուղթը: Միջնորդներն զգացին, որ սա այն թույլ կետն է, որտեղ կարելի է բավականին ճնշումներ գործադրել, որից էլ առաջացավ 1997-ի փուլային տարբերակը, երբ Հայաստանը պատրաստ էր կողմ լինել այդ տարբերակին, իսկ Ղարաբաղը մերժեց: Այսինքն պետք չէ կարգախոս սարքել, որ այ, եթե Ղարաբաղը մասնակցեր բանակցություններին, ամեն ինչ լավ կլիներ:

»Այսինքն, կարեւոր չե՞ք համարում, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին" հարցին էլ արձագանքեց. «Կարեւոր չէ, թե խնդիրն ինչ ձեւով ես դնում, կարեւոր է, թե ինչ խնդիր ես դնում: Ենթադրենք, որ Ղարաբաղը դառնում է բանակցային կողմ, իսկ Հայաստանը խաղից դուրս է գալիս: ԼՂ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, նրա վրա ավելի հեշտ կարելի է գոռալ, քան Ադրբեջանի վրա: Արդյունքում բանակցային գործընթացում ապակառուցողական դիրքորոշում կարող է որդեգրի Ղարաբաղը եւ մենք ավելի մեծ կորսուստներ կարող ենք ունենալ»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, թե չի կիսում տեսակետը, որ ԼՂ-ի բանակցություններից դուրս մղումը հանգեցրել է նրան, որ ինքնորոշման հարցը վերածվել է տարածքային վեճի: «Այդպիսի բան չկա: Եթե մենք ուզում ենք սպեկուլյատիվ դաշտ մտնենք, կարող ենք այդպես ասել: Ես անկեղծ ասած, այս իշխանություններին չեմ սիրում, բայց չեմ ուզում նաեւ սպեկուլյատիվ դեր ստանձնել»: