Ուղղափառ թուրք մահմեդակա, ովքեր մինչեւ հոգու խորքը վիրավորված են շվեյցարական իշխանությունների՝ մզկիթներ կառուցելու արգելանքից, որոշել են վրեժ լուծել։ Սյս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը։
Թերթը գրում է, որ երեք անհայտ անձինք եկել են Դիարբեքիրում գտնվող ասորական Սուրբ Մարիա եկեղեցի եւ հարցրել հայր Յուսուֆ Աբքուլութային, թե եկեղեցին արդյոք ունի զանգակատուն։ Քահանայից դրական պատասխան ստանալով՝ նրանք սպառնացել են, որ մի քանի օրվա ընթացքում զանգակատունը պետք է ապամոնտաժվի.
«Շվեյցարիան արգելել է մզկիթներ կառուցել, այնպես որ մենք քեզ տալիս ենք մի քանի օր ժամանակ, որ քո եկեղեցու զանգակատունը չլինի։ Այլապես բանդ բուրդ կլինի»,- հայտարարել են նրանք։
Ասորի քահանան ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Շվեյցարիայում մզկիթներ կառուցելու արգելանքի եւ ասորական եկեղեցու զանգակատան պատճառա-հետեւանքային կապը։ Սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ որոշակի դեր է խաղացել վերջերս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի իշխանությունների ընդունած որոշումը, որով քաղաքում հուշարձան է տեղադրվելու՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերին։
Նշենք, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայում 750.000-ից ավելի քրիստոնյա ասորի է ոչնչացվել։ Հայերի, ասորիների եւ հույների ծրագրված ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի քաղաքական գաղափարախոսությունն էր, որն ուղղված էր երկրում քրիտոնյա ազգային փոքրամասնությունների ոչնչացմանը։ Մնում է միայն կարծել, որ հայր Աբքուլութը կդիմի համապատասխան մարմիններին՝ սպառնալիքները կանխելու համար, որոնք էլ, հույս ունենանք, համապատասխան միջոցներ կձեռնարկեն։




























