Թուրքիայի վարչապետը մասնակցելով Կոնիայում տեղի ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական համաժողովին, խիստ տոնով դիմել է իրեն քննադատողներին: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» օրաթերթը:

Հուլիսի 17-ին Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հուլիսի 17-ին մասնակցել է Անկարա-Կոնիա արագընթաց երկաթուղու շինարարության բացման արարողությանը, որից հետո Կոնիայում ելույթ է ունեցել «Արդարություն եւ զարգացում կուսակցության» հերթական համաժողովում:

Անկարա-Կոնի արագընթաց երկաթուղու կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2011 թվականը: Նախկին 5-6 ժամի փոխարեն, նոր արագընթաց գնացքով Անկարայից Կոնիա ուղեւորությունը կտեւի 1 ժամ 15 րոպե: Ներկայումս Թուրքիայում շարունակվում են կառուցվել երկաթուղային մի շարք արագընթաց երթուղիներ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հարազատ կուսակցության համաժողովում խիստ տոնով է դիմել իրեն եւ իր կուսակցությանը քննադատողներին: Էրդողանը ասել է. «40 տարի է, որ ոչ մի մետր երկաթուղային ռելս չեն տեղադրել ու դեռ ասում են, որ աթաթուրքական ենք, մաթաթուրքական ենք… Աթաթուրքը տեղից, որ վեր կենա, դրանց բոլորին կթաղի: Նրանք ոչինչ չեն արել, իսկ „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը աշխատում է ու աշխատում»:

Էրդողանը նկատի ունի ընդդիմադիր քեմալական թեւին, որին հարող կուսակցությունները, ինչպես նաեւ բանակը աշխարհիկ Թուրքիայի կողմնակից են եւ դեմ են արտահայտվում ներկայիս իսլամիստ վարչապետին (NEWS.am):