«2009 թվականի ընթացքում մենք ականատես եղանք նրան, որ մեծ անջրպետ կա խոսքի եւ իրականության միջեւ»,- դեկտեմբերի 28-ին «Սիվիլիթաս» կազմակերպությունում «Խոստումներ եւ իրականություն» վերնագրով տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ նշեց կազմակերպության հիմնադիր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա խոստովանեց, որ իրենց իշխանության տարիներին եւս իրականությունը մի փոքր գունավոր էր ներկայացվում, սակայն դա արվում էր ինչ որ դրական զարգացման ֆոնի վրա, սակայն հիմա, ըստ նրա, դա արվում է առանց որեւէ դրական միտումի: «Այդ անջրպետը թուլացնում է Հայաստանի դիրքերը նաեւ արտաքին ասպարեզում, քանի որ, օրինակ՝ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ հայ-թուրքական զարգացումներում հայկական կողմը զիջումներ չի արել, որից հետո հակառակորդն ասում է՝ դե գոնե մի զիջում արեք, որ սահմանը բացենք»,- ասաց նա:
Վ. Օսկանյանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի վերաբերմունքի մասին ասաց, որ Թուրքիան շարժվում է հետեւյալ սկզբունքով. «Ինչ որ իմն է՝ իմն է, ինչ որ քոնն է` կբանակցենք»:
«Հիմա Թուրքիան Ցեղասպանության ժխտման քաղաքականություն վարելու կարիքը չունի, քանի որ հղում է անում հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը: Այսինքն թոթափել է իր ուսերից Ցեղասպանությունը ժխտելու բեռը՝ այն գցելով հանձնաժողովի վրա»,- ընդգծեց նա:




























