Վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին ուղիղ չվերթը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ, որ նախատեսված էր այսօր, չի իրականացվի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «Վեստին», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը։

«Բյուրոկրատական դժվարություները անհնարին են դարձնում ավիաչվերթներ իրականացնելը, որին մարդիկ սպասում էին ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Վրաստանում։ Երեւում է՝ դա Թբիլիսիի նպատակն է։ Այսպիսի իրավիճակում մարդասիրական խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է վրացական իշխանությունների վրա»,- հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

«Մայակ» ռադիոկայանի տվյալներով, վրացական Airzena — Georgian Airways ավիաընկերության մամուլի քարտուղար Նինո Գիորգոբանին հայտարարել է, որ չվերթները չեն իրականացվի, քանի որ ընկերությունը «չի հասցնում»։ Միեւնույն ժամանակ նա հավատացրել է, որ թռիչքները կիրականացվեն հունվարի 6-25-ը՝ չպարզաբանելով, թե Georgian Airways-ն ունի՞ ռուսական կողմի համաձայնությունը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթներ չեն իրականացվում հարավօսական հակամարտությունից հետո։