Ռուսաստանն ավելացրել է իր ռազմական ներկայությունը Աբխազիայի տարածքում: Այս մասին պնդում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան: «Նախօրեին Աբխազիա են մտցվել ՌԴ բանակի հատուկ ջոկատային մինչեւ հազար զինծառայողներ, իսկ Գուդաուտիի ռազմակայան են ժամանել մեկ Տու-22 եւ երեք Սու-25 ռմբակոծիչներ»,- այսօր լրագրողներին հայտարարել է Դավիթայան: Նրա խոսքով, մեծ խմբով Աբխազիա են ժամանել նաեւ լրագրողներ, որոնց Սուխումում լրատվական կենտրոն է տրամադրվել: «Ամեն ինչ գնում է նույն սցենարով, ինչպես նախորդ տարվա օգոստոսին Ցխինվալի շրջանում, երբ ռազմական գործողություններից մի քանի օր առաջ Ցխինվալ ժամանեցին լրագրողներ»,- ասել է նա: Խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ մոտակա օրերին «աբխազական ու ռուսական կողմերից պետք է սադրանքների սպասել»: «Ես իմ ունեցած օպերատիվ տեղեկությունները հանձնել եմ Թբիլիսիում գտնվող Եվրամիության „եռյակի“ ներկայացուցիչներին»,- հավելել է նա:
Իսկ ահա Ռուսաստանի ցամաքային զորքերի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Աբխազիա լրացուցիչ ռուսական զորքեր մտցնելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: