Իրանական մայրաքաղաքում դեկտեմբերի 27-ից ծայր առած զանգվածային անկարգություններից մեկ օր անց երկրի իշխանությունները սկսել են գնահատել քաղաքին հասցված վնասը:

Ինչպես հաղորդում է պետական Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բեհրուզ Թաշաքքորի հաղորդագրությունը, ընդդիմության ներկայացուցիչների եւ իրանական անվտանգության ուժերի բախումների արդյունքում հրդեհվել են 9 բնակելի տուն, 9 ավտոմեքենա, 7 խանութ, 2 բանկ եւ 18 աղբարկղ:

Աղբյուրի պնդմամբ, ոստիկանությունը հաստատում է անկարգությունների ժամանակ 8 զոհերի մասին տեղեկատվությունը: Բայց ոչ պաշտոնական տվյալներով, բախումներին զոհ են գնացել 15 հոգի:

Զոհվածների մեջ է նաեւ բարեփոխականների առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի զարմիկը: Ալի Մուսավին հրազենային վնասվածք էր ստացել սրտի շրջանում, Թեհրանի Էնգհելաբ հրապարակում: Իրանական ոստիկանությունը նրա մահը «կասկածելի» է որակել՝ նշելով, որ փաստի առթիվ քննություն է ընթանում:

Ոստիկանության պետի տեղակալ Ահմադ-Ռեզա Ռադանի խոսքով, իրավապահները ոչ մի կերպ կապված չեն մարդկանց սպանությունների հետ: