Լոռիի մարզում այս տարի նախորդ տարվա համեմատ ցորենի մի քանի անգամ քիչ բերք է սպասվում: Պատճառն ըստ գյուղացիների` կառավարության տված անորակ սերմացուն ու եղանակային անբարենպաստ պայմաններն են:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը փոխանցեց, որ եթե նախորդ տարի 1 հա-ից հավաքվել է շուրջ 40-45 ցենտներ ցորեն, ապա այս տարի կհավաքվի ավելի քիչ բերք` մոտ 18-20 ցենտներ, ինչն ըստ վարչության պետի, վատ ցուցանիշ է:
2011թ-ին կառավարության կողմից մարզին հատկացվել է շուրջ 291 տոննա առաջին վերարտադրության եւ եւս 63 տոննա էլիտար տեսակի ցորենի սերմացու: Մարզի գյուղացիների փոխանցմամբ իրենք չեն կարողանա հետ վերադարձնել կառավարության կողմից տրամադրված սերմացուի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Ըստ որի իրենք առաջին վերարտադրության ցորենի սերմացուի մեկ կգ-ի դիմաց վճարելու են 160 դրամ, իսկ էլիտային սերմացուի համար` մեկ կիլոգրամի դիմաց վերադարձնելով 2 կգ.: «Ցորենի սերմը լավը չէր, հասկը բոյ չտվեց, մնաց գաճաճ, թե մենք ինչպես ենք հետ տալու, չգիտենք, էդքանի հետ մեկտեղ կարկուտ, անձրեւներ, սելավներ ու երաշտ…»,- դժգոհել են նրանք: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն այս առիթով ասաց, որ գումարների հավաքագրումը սկսվելու է օգոստոսի մեկից, իսկ մինչ այս պահը իրենք գյուղացիներից դժգոհություններ չեն ստացել:
Տեղեկացնենք, որ մինչ այս պահը մարզի գյուղերում հավաքվել է աշնանացան ցորենի ընդհանուր բերքի 30-35 տոկոսը: Աշխատանքները մեծ թափով են ընթանում մարզի Թումանյանի, Սպիտակի եւ Տաշիրի տարածաշրջաններում:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























