ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Մոսկվայի ձիարշավարանում ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունը դիտելուց հետո մոսկովյան ռեստորաններից մեկում շարունակել են շփումը` եռակողմ ձևաչափով:
«Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա` արդեն թվով չորրորդ հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը հաստատել է Ռուսաստանի` որպես Մինսկի խմբի անդամի պատրաստակամությունը` առաջիկայում ևս ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ»,- հանդիպումից հետո, ըստ «ՌԻԱ-Նովոստիի» հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նրա խոսքով, երեք երկրների ղեկավարները խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման հետագա ուղիների մասին:
«Կայացել է շարունակական, և մեր տեսանկյունից` շատ կառուցողական հանդիպում, որի ընթացքում քննարկվել են մի շարք բաց մնացած հարցեր»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները գոհունակություն են հայտնել Դմիտրի Մեդվեդևին` Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մերձեցնելու և Ղարաբաղյան կարգավորմանը նպաստելու ուղղությամբ գործադրած ջանքերի առնչությամբ:
«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հակամարտության կողմերին դրսից որևէ դեղատոմս չպետք է թելադրվի` այն պատճառով, որ վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է հենց հայերն ու ադրբեջանցիները կրեն: Ռուսաստանը պատրաստ է աջակցել հիմնախնդրի լուծման` բոլոր կողմերին բավարարող ցանկացած տարբերակին, իսկ փոխհամաձայնության դեպքում պատրաստ է հանդես գալ կարգավորման երաշխավորի դերում»,-նշել է Պրիխոդկոն:
Միաժամանակ նա հնչեցրել է պաշտոնական Մոսկվայի համար ցանկալի լուծման տարբերակը: Ըստ այդմ, ռուսական կողմի համար «կենսունակ է այն լուծումը, որը թույլ կտա Հարավային Կովկասին վերադարձնել կայունությունն ու անդորրը, իսկ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում կօգնի պահպանել ուժերի պատմականորեն ձևավորված հարաբերակցությունը»:




























