Ռուսաստանում «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Օլեգ Օռլովը պատրաստ է դատվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, որը իր դատապաշտպանի միջոցով դատական հայց է պատրաստում Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչություն: Պատճառն այն է, որ Օռլովը իրավապաշտպան Նատալիա Էստեմիրովայի սպանության համար պատասխանատու է համարել Կադիրովին: Հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
Նշենք, որ իրավապաշտպանի սպանությունից հետո «Մեմորիալ»ը դադարեցրել է իր գործունեությունը Չեչնիայում: «Մեմորիալ»-ի աշխատակից եւ բազմաթիվ մրցանակների արժանացած Նատալիա Էստեմիրովային առեւանգել էին հուլիսի 15-ին Գրոզնիում, իսկ նույն օրը երեկոյան նրան գտել են սպանված Ինգուշիայում: «Որպես ՌԴ քաղաքացի, ինչպե՞ս ես կարող եմ պատրաստ չլինել դատական պրոցեսին: Սեփական խոսքերի համար պետք է պատասխան տալ եւ ես դատարանում իմ խոսքերի համար պատասխան կտամ»,- ասել է Օռլովը, հավելելով, թե շատ բնական է, որ Ռ. Կադիրովը որոշել է խնդիրը լուծել դատարանի միջոցով:
Երեկ Կադիրովը զանգահարել է Օռլովին եւ ոչ պարկեշտ է համարել իրավապաշտպան կենտրոնի հայտարարությունում իրեն սպանության մեջ մեղավոր համարելը: Օռլովը պատասխանել է, որ չի մեղադրում Կադիրովին հանցագործության մեջ, այլ նկատի ունի, որ նա որպես նախագահ պատասխանատվություն է կրում հանրապետությունում կատարվածի համար: Կադիրովն էլ նշել է, որ տրամաբանական չէ հավասարության նշան դնել հանրապետության ղեկավարի պատասխանատվության եւ «սպանության համար պատասխանատու» լինելու մեջ:
Ի դեպ, Ռամզան Կադիրովին պաշտպանել է անձամբ Ռուսաստանի նախագահը: Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին՝ նա հերքել է իրավապաշտպանների «պրիմիտիվ» վարկածը, նշելով. «Չեչնիայի նախագահը ոչ մի կերպ կապ չունի այդ գործի հետ»:
Ռուս իրավապաշտպանները խոստանում են աջակցել «Մեմորիալ» կենտոնի ղեկավարին՝ դատական գործընթացում: «Իրավապաշտպան հանրությունը թույլ չի տա նեղացնել Օռլովին»,- ասել է Մոսկվայի հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան: Նա հիշեցրել է, որ Կադիրովը մի քանի անգամ դատարանում մեղադրել է «Մեմորիալ»-ին զրպարտության մեջ: «Հետո, այդ գործերը փակվել են, որովհետեւ հնարավոր չէ դատարանում ապացուցել, որ մեր խոսքերը ճիշտ չեն»,-ասել է նա:



















