Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեութունը: «Հետքի» փոխանցմամբ, Չալյանը արձակուրդ գնալու դիմում է գրել, իսկ ռազմական գերատեսչությունում այժմ սպասում են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին: Ըստ աղբյուրի՝ հարցը շատ լուրջ է դրված. կամ Օհանյանը, կամ Չալյանը:

Այս ամենի պատճառը զորակոչի ժամանակ ի հայտ եկած խախտումներն են:

ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատել այս տեղեկությունը՝ նշելով, որ ազատման դեպքում պաշտոնական հայտարարություն կարվի: Բնականաբար, քանի դեռ չկա նախագահի հրամանը, առայժմ Չալյանը չի համարվում պաշտոնից ազատված:

Նշենք, որ գեներալ-մայոր Ս. Չալյանը եղել է պատերազմական տարիներին կազմավորված «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հրամանատարը (Շ. Մեղրյանի մահից հետո), ապա նույնանուն զորամասի հրամանատարը: 2000 թ. նշանակվել է ՀՀ ԶՈւ հետախուզական վարչության պետի տեղակալ, 2002-2009 թթ.՝ ՊՆ կազմզորահավաքային վարչության պետ, 2009-ից՝ ՀՀ զինկոմ: