Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» ավագ դպրոցում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին` հանդես եկել «Հայկական աշխարհ» թեմայով դասախությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ համատեքստում Հայաստանի զարգացման տենդենցներին եւ տարածաշրջանային գործընթացներին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան համախմբել հայերին եւ բազմապատկել մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Կառավարության ղեկավարի կարծիքով` աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին համընթաց «Հայկական աշխարհ»-ի գործոնը տարեց-տարի ավելի նշանակալի է դառնալու` ստիպելու մեզ որպես ազգ դառնալ ավելի միասնական: «Այդ առումով, կարեւորագույն գործիքներից են «Լույս» հիմնադրամը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Ազգային մրցունակության խորհուրդը, որի կազմում են աշխարհի տարբեր պետություններում հաջողության հասած հայազգիները: Խորհրդի նպատակն է՝ ազգային մրցունակության բարձրացումը` «Հայկական աշխարհ»-ի ներքո»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` «Հայկական աշխարհ» նախագծի իրականացումն արդիական են դարձրել ժամանակակից աշխարհի բազմազանությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում աշխարհի արագ փոքրացումը եւ այլն:
Կառավարության ղեկավարը նկատել է, որ ներկայում քիչ երկրներ կան, որոնք գտնվում են այնքան բարդ իրավիճակում, որքան Հայաստանը, որը չունի ծով, երկու հարեւանների` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Իրանի դեմ կիրառվող միջազգային սանկցիաներն էլ դժվարացնում են Հայաստանի վիճակը: «Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը տնտեսության համար ստեղծում է բարդ պայմաններ, բարձրացնում քաղաքական ռիսկերը եւ այլն: Այսինքն, մենք պարտավոր ենք մեր տնտեսական մոդելը քննարկելու ժամանակ հաշվի առնել այս օբյեկտիվ միտումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի զարգացման մյուս միջոցն էլ ինտեգրումն ու շուկաների ընդլայնումն է. երկիրը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները` Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ մաքսիմալ ինտերգրացիա ապահովելու համար: «Սակայն հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բավականին դժվար խնդիր է, մենք պետք է շեշտադրում կատարենք երկրի ներքին ռեսուրները եւ «Հայկական աշխարհ»-ի ներուժն ավելի լավ կազմակերպելու վրա»,- ընդգծել է վարչապետը:
«Լույս» հիմնադրամի 150 ուսանողներ «Զարգացնենք Հայաստան»-ը ծրագրի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսից աշխատել են Հայաստանի եւ Արցախի տասը համայնքներում` գյուղերում եւ քաղաքներում, բացահայտել են վերջիններիս զարգացման միջոցառումներն ու ծրագրերը, որոնք էլ հանդիպման ընթացքում ներկայացրել են կառավարության ղեկավարին:
































