Շիրակի մարզի արածքում ընթացիկ տարվա 6 ամիսներին նկատվել է արտակարգ դեպքերի թվի աճ: ԱԻՆ մարզային վարչությունում գրանցվել է արտակարգ իրավիճակների 203 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 146 դեպքի դիմաց:
NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Մանվել Սարիբեկյանը, ներկայացնելով դեպքերն ըստ բնույթի, նշեց, որ դիսպետչերական կետում ստացվել է տեխնածին բնույթի`153, տարերային` 28, սոցիալ-կենցաղային բնույթի 22 դեպքերի ահազանգ. «Նշված ժամանակահատվածում արտակարգ պատահարներում զոհվել է 12 քաղաքացի, նախորդ տարվա 10-ի դիմաց: Վիրավորների թիվն ի տարբերություն զոհերի աճել է`120 վիրավոր, նախորդ տարվա 80-ի դիմաց»:
Մարզի տարածքում գրանցվել է հրդեհի 87, մասնակի ինքափլուզման 6 դեպք և 58 ճանապարհատրանսպորտային պատահար:
Շիրակի մարզային փրկարարական վարչությունը գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատել հատկապես ձմռան ամիսներին, երբ ձնաբքի մեջ են հայտնվել հարյուրավոր մեքենաներ ու քաղաքացիներ. «Ինչպես գիտեք, շատ խստաշունչ ձմեռ էր, այս տարի գրանցվել է ձնաբքի 19 դեպք` ողջ օրվա կտրվածքով, իսկ մասնակի հատվածներում արձանագրվել է 49 դեպք»,- ասաց նա, հավելելով, որ նշված դեպքերում տարհանվել են 488 մեքենա 1536 մարդկանցով:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


























